23 հուլիսի 2010 - 18:28 AMT
EuFoA. «ՄԱԿ-ի որոշումը իրավաբանորեն հստակեցնում է ինքնորոշման իրավունքի մեկնաբանումը»

Հաագայի դատարանի որոշումը կազդի ղարաբաղյան հակամարտության վրա, քանի որ այն իրավաբանորեն հստակեցնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մեկնաբանումը: Այս մասին ասված է PanARMENIAN.Net-ին ուղարկած «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության հայտարարության մեջ:

«Յուրաքանչյուր մարդ, ով գեթ մեկ անգամ եղել է Ղարաբաղում, գիտի, որ մարդիկ այնտեղ այնքան վնասված էին, որ կարող էին միայն սեփական ուժերին հավատալ: Ղարաբաղցիներն ավելի շուտ զենքով իրենք իրենց կպաշտպանեին, քան մեկ ուրիշին կհավատային: Դե ֆակտո և դե յուրե տեսակետները պետք է արտացոլված լինեն հակամարտության կողմերի և միջազգային այն ուժերի գործողություններում, որոնք ներգրավված են այդ գործընթացում», - հայտարարել է EuFoA-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:

Հուլիսի 22-ին Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը օրինական է համարել Սերբիայից Կոսովոյի անկախացման հռչակումը: Դատարանի որոշման համաձայն, Կոսովոյի անկախությունը, որ հռչակվել է 2008 թ. փետրվարի 17-ին, «չի հակասում միջազգային իրավունքին»: