27 հուլիսի 2010 - 16:19 AMT
Օգոստոսի 5-ին Թբիլիսի կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ: Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարությանն է գրավոր տեղեկացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ հետագա աշխատանքների քննարկման նպատակով, կողմերի փոխհամաձայնեցմամբ օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը, ասվում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում: