29 հուլիսի 2010 - 15:03 AMT
Ահարոն Ադիբեկյան. Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը

Կոսովոյի նախադեպը կիսել է փորձագիտական հանրության կարծքիը երկու մասի` մի մասը հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, մյուս մասը` տարածքային ամբողջականության օգտին: Նրանք բոլորը իրավացի են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ադիբեկյանի, այս դեպքում ամեն ինչ ուժն է որոշում: «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմն ուժային գերազանցություն ունի»,-ասել է սոցիոլոգը:

Ներկայացնելով «Սոցիոմետր» կենտրոնի սոցիոլոգիական հետազոտությունները, որ արվել են ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների շեմին, Ադիբեկյանը նշել է, որ Արցախի բնակչության 85 տոկոսը կողմ է անկախությանը, 15 տոկոսը անհրաժեշտ է համարում փոխընդունելի լուծում գտնելը և միայն 0,1 տոկոսն է իր ապագան պատկերացնում Ադրբեջանի կազմում: «Հավանաբար, դա այն մարդիկ են, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել խորհրդային իշխանության օրոք»,-նշել է նա: Ահարոն Ադիբեկյանը հավելել է նաև, որ ժամանակի հետ Լեռնային Ղարաբաղում նվազում է Հայաստանին միանալաու կողմնակիցների թիվը: «Մեր հարցման արդյունքում հարցման ենթարկվածների միայն 33 տոկոսն է հանդես գալիս Հայաստանին միանալու օգտին, 67 տոկոսը գերադասում է անկախությունը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Ադիբեկյանը ներկայացրել է Ադրբեջանում ամերիկյան մի ընկերության վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, ադրբեջանական բնակչության կեսից պակասն է հավատում, որ ԼՂՀ-ն կլինի Ադրբեջանի կազմում: «Սա ադրբեջանական բնակչության շրջանում պարտվողական տրամադրությունների վառ օրինակ է, ինչը սառը ցնցուղի դեր կատարեց այդ երկրի ղեկավարության տաք գլուխների համար»,-ասել է սոցիոլոգը: