Հուլիսի 29-ին Գյումրիում Պատվո բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին ծանոթացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն և զինվորական կցորդ Եվգենի Վասիլևը:
Պատվո բլրի բարեկարգման հարցերով հանձնաժողովի նախագահ, բարեկարգումն իրականացնող «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Օվերչենկոյին և Վասիլևին է ներկայացրել կատարած աշխատանքները: Հյուրերն, իրենց հերթին, բարձր են գնահատել դրանք:
Անդրանիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը ռուսական հուշարձաններն ու սրբատեղիները վերականգնող միակ երկիրն է տարածաշրջանում:
Գյումրի քաղաքում վերականգնվում է Պատվո բլուր կոչվող` 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների ու զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ, Հայաստանի Շիրակի մարզպետի և Ռուսաստանի Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը: Պատվո բլրի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին: Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի կեսերին: Այս մասին հաղորդում է Գյումրիի քաղաքապետարանի մամլո կենտրոնը: