29 հուլիսի 2010 - 20:38 AMT
«Արի տուն 2010» ծրագրի 3րդ փուլի շրջանակներում Հայաստան են ժամանել 165 երիտասարդներ աշխարհի 18 երկրներից

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2010» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց աշխարհի 18 երկրներից ժամանած 165 երիտասարդներին` նշելով, որ բոլորը շատ սպասված և սիրված են Հայրենիքում:

Արարողությանը ներկա էին արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը, Արմավիրի և Արարատի փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանն ու Սամվել Մինասյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին և փոխմարզպետներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև դիմեց մասնակից արիտունցիներին` կոչ անելով սրտերը լայն բաց անել և վայելել Հայրենիքն իր ամբողջ հմայքով:

Իրենց խոսքն ասելու ցանկություն հայտնեցին նաև ծրագրի մասնակիցները` բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության այս նախաձեռնությունը: Այնուհետև, ծրագրի ավանդույթի համաձայն, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը, ընտրելով Չեխիայից ժամանած փոքրիկ մասնակից Վլադիմիրին, նրան զգեստավորեց արի տունցիների շապիկով և գլխարկով, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: