30 հուլիսի 2010 - 17:29 AMT
Կանադայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Հուլիսի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արման Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց դեսպան Ռալֆ Լիսիշինի վերջին չորս տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

Արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Երկուստեք կարեւորվեց 2010թ. մայիս-հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան հանդիսացավ առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: