31 հուլիսի 2010 - 17:25 AMT
Սերգեյ Մինասյան. «Ռուսաստանը քաղաքական պատասխանատվություն է կրում ռազմական բախման դեպքում աջակցել Հայաստանի Հանրապետությանը»

Հայաստանի և Ռուսաստանի միջև եթե նոր արձանագրություն ստորագրվի Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, ապա ռուսական կողմը պարտավորվում է աջակցել Հայաստանին` ռազմական գործողությունների ծագման դեպքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Մինասյանի խոսքերի համաձայն, արձանագրությունը նախատեսում է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է ապահովի ժամանակակից զինատեսակներով: «Չնայած, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրվել է բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, այնուամենայնիվ այս արձանագրությամբ ռուսական կողմը ստանձնում է իրավական և քաղաքական լրացուցիչ պատասխանատվություն` ռազմական բախման դեպքում Հայաստանին աջակցելու», - ընդգծել է նա:

Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ստորագրել արձանագրությունը, որով փոփոխություններ են մտցվում Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում: Արձանագրության նախագծի համաձայն, «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազան բացի ՌԴ շահերի իրականացման գործառույթից, ՀՀ զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Նշված նպատակներին հասնելու համար, Ռուսաստանը «աջակցելու է Հայաստանին` ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովված լինելու գործում», - ասվում է արձանագրության նախագծում: