2 օգոստոսի 2010 - 15:51 AMT
Ստեփան Սաֆարյան. Հաագայի դատարանի վճիռն օրինականացնում է ԼՂՀ անկախությունը

Կոսովոյի գործով Հաագայի դատարանի վճռի առիթով Հայաստանում տեղի ունեցող քննարկումները բավական հակասական էին: Մի մասը պնդում էր, որ Կոսովոյի գործով որոշումը ԼՂՀ համար նախադեպ է հանդիսանում, իսկ մյուս մասը հակառակն էր պնդում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, Ղարաբաղի ու Կոսովոյի միջև միակ տարբերությունը կայանում է նրանում, որ մի դեպքում հակամարտությունը հայերի ու ադրբեջանցիների միջև է, մյուս դեպքում` ալբանացիների ու սերբերի: «Բայց գլխավորն այն է, որ ՄԱԿ Միջազգային դատարանը օրինական է համարել Կոսովոյի անկախության հռչակումը: Այսինքն, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրագործումը միջազգային օրենսդրության խախտում չէ»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ վճիռը լուրջ բեկում է միջազգային իրավունքի մեկնաբանման և կիրառման պրակտիկայի գործում:

Ինչպես նկատել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, ոչ ոք չի կարող հայկական կողմին բացատրել, թե ինչու Հաագայի դատարանի վճիռը չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի դեպքում:

Սաֆարյանը նկատել է նաև, որ Միջազգային դատարանի որոշումը մտավախություն է առաջ բերել ադրբեջանական հասարակայնության շրջանում: «Կարծում եմ, որ ադրբեջանցիները, չնայած բարձրաստիճան պետական անձանց հայտարարություններին, լավ են գիտակցում այն փաստը, որ Հաագայի դատարանի վճիռն օրինականացնում է ԼՂՀ անկախությունը: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն ընդմիշտ կորսված է նրանց համար»,- ընդգծել է նա: