3 օգոստոսի 2010 - 14:36 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ ՄԱԿ-ը, ոչ Հաագայի դատարանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը

Ոչ ՄԱԿ-ը, ոչ Հաագայի դատարանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը: Ըստ նրա, դատարանը միայն որոշել է, որ միջազգային իրավունքը չի արգելում ժողովրդներին անկախություն հռչակել: «Կոսովոյի անկախության հարցը լուծվեց ոչ թե 2010թ. Հաագայի դատարանում, այլ 1999-ին Վաշինգտոնի կողմից»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ Ղարաբաղի ու Կոսովոյի խնդիրները նման են, սակայն, Արցախի դեպքում Ղարաբաղի ժողովրդին ոչ ոք չի օգնել հաղթել պատերազմում և նոր պետություն ստեղծել:

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համալիրների «Ֆավորիտ» երկու դիվիզիոնների առաքման և ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին հաղորդագրությունները` Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ Մոսկվան չի կարող համագործակցել Ադրբեջանի հետ, հաշվի չառնելով Հայաստանին, և հակառակը: Բացի այդ, ըստ քաղաքագետի, հարաբերություններն այդ երկու պետությունների հետ տարածաշրջանային հավասարակշռության բաղկացուցիչ մասն է, որին սատարում է ռուսական կողմը: