«Ռուսաստանի հայկական համայնքը. ժամանակի մարտահրավերները» խորագրով համաժողով տեղի կունենա օգոստոսի 28-29-ին, Սոչիի Լազարյան շրջանում: Համաժողովը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը և Ռուսաստանի հարավում գործող հայկական հեռուստաընկերությունը: Համաժողովին մասնակցելու են գիտնականներ և հասարակական գործիչներ, որոնք ժամանելու են Սոչի Մոսկվայից, Ռոստովի մարզից, Ստավրոպոլի երկրամասից, Կրասնոդարի երկրամասից, Ադիգեայի Հանրապետությունից և Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: Ներկա են լինելու նաև Հայաստանից ու Արցախից մեկնող հյուրեր:
Համաժողովի ձևաչափում լինելու են զեկույցներ` թեմատիկ չորս մասերից բաղկացած` «Հայաստանն ու սփյուռքը», «Սփյուռքն ու Հայ դատը», «Սփյուռքն ու հասարակությունը»: Բացի զեկուցողների ելույթներից, ժամանակ կհատկացվի նրանց հարցեր տալու, ինչպես նաև մտքեր փոխանակելու համար, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, հաղորդում է «Երկրամաս» թերթը;