«Եթե որևէ մեկն ինձանից ավելի ուժեղ լիներ և «Նոր ալիքում» ինձանից ավելի լավ երգեր ու հաղթեր, իսկ ես երկրորդ տեղը գրավեի, ես, միևնույն է, կասեի, որ «Նոր ալիքը» ազնվորեն կազմակերպված մրցույթ է», - ասել է Ուրմալայում տեղի ունեցած մրցույթում հաղթանակած Սոնա Շահգելդյանը` օգոստոսի 10-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, մրցույթում իր հաղթանակի գրավականը նաև իր աշխատասիրությունն ու աշխատունակությունն էին: Սոնան ասուլիսին 30 րոպե ուշացումով ներկայանալը նույնպես բացատրեց իր բազմազբաղ լինելու հանգամանքով:
«Նոր ալիք» մրցույթի մասին պատմելիս, Սոնա Շահգելդյանը նշել է, որ բեմ դուրս գալիս շատ ինքնավստահ է եղել և բոլորովին չի կասկածել, որ երեք երգն էլ լավ է կատարելու, քանի որ ինքը բոլորից տարբերվում է իր յուրահատուկ ձայնով: Նա պատմում էր, որ իրեն օգնել են նաև Լատվիայի հայկական համայնքը և Յուրմալայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, որտեղ ինքն աղոթք է կարդացել ելույթից առաջ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե նա արդյոք գիտեր, որ «Նոր ալիքի» գալա-համերգին ելույթ է ունենալու Ջիվան Գասպարյանը, պատասխանել է, որ իր համար դա անակնկալ էր; «Ժենյա Օռլովը` «Նոր ալիքի» երաժշտական պրոդյուսերը, ինձ ասում էր, որ հայերը տաղանդավոր ժողովուրդ են, և հրավիրելու է համաշխարհային ճանաչում ունեցող հայ երաժշտին: Ես շատ ուրախացա, քանի որ շատ սիրում և հարգում եմ մեր վարպետին», - նշել է երգչուհին:
Սոնա Շահգելդյանն ընդգծել է, որ մրցույթի ընթացքում իր համար կարևոր պահ էր նաև այն, որ իրեն անվանել են ոչ թե տաղանդավոր երգչուհի, այլ տաղանդավոր երաժիշտ: Նա կարողացել է ցրել նաև Լայմա Վայկուլեի մասին հյուսված այն առասպելը` իբր երգչուհին մրցութային հանձնաժողովի ամենախիստ անդամն է և հայերի հանդեպ բարեհաճ չէ: «Ես ի սկզբանե չէի հավատում այդ լուրերին և ճիշտ էի անում` Լայմա Վայկուլեն շատ լավ մարդ է և լավ երգչուհի», - ասել է «Նոր ալիք» մրցույթի այս տարվա մրցանակակիր երգչուհին: