11 օգոստոսի 2010 - 15:39 AMT
Գևորգ Մինասյան. Բելգիայում բնակվում են 10-12 հազար հայեր

Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն Բելգիայում բնակվում է 10-12 հազար հայ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Բելգիայի հայկական կազմակերպությունների միության» նախագահ Գևորգ Մինասյանը: Նրա խոսքերով, հայերը Բելգիա են գաղթել երեք հոսքով. 1915-1920, 1940-1960, 1990-ական թթ.-ին: Նա նշեց, որ հայերը Բելգիայում հիմնականում զբաղվում են բիզնեսով: «Մեր գլխավոր նպատակն ազգային նույնականության պահպանումն է»,- ասել է Մինասյանը և հավելել, որ միության գլխավոր նպատակներից մեկը հայոց լեզվի ուսուցումն է: Միաժամանակ նա հաղորդեց, որ Բելգիայում գործում է 18-20 հայկական դպրոց: «Բայց ծնողներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գրեթե չեն տանում այնտեղ իրենց երեխաներին: «Նուարդ» կազմակերպության 4 հայկական դպրոցներում սովորում է ընդամենը 100 երեխա»,- ասել է Մինասյանը: Նա նաև ասաց, որ կազմակերպությունն ակտիվ համագործակցում է Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ: Նրա խոսքերով, նախարարությունը կազմակերպությանը նվիրել է 2000 այբբենարան և 250 գիրք:

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշումին տարբեր երկրների հայկական համայնքների վերաբերյալ` Մինասյանն ասաց, որ երկիրը պետք է հստակ քաղաքականություն մշակի յուրաքանչյուր երկրում հայկական համայնքների գործունեությունը կարգավորելու համար: Նրա խոսքերով, դա հայկական կազմակերպությունների աշխատանքն առավելագույնս արդյունավետ և օգտակար կդարձնի հենց երկրի համար: