11 օգոստոսի 2010 - 17:18 AMT
ՀՀ ոստիկանությունը մերժել է Ժիրայր Սեֆիլյանի` ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այս տարվա հունիսի 15-ին մերժել է Ժիրայր Սեֆիլյանի` Հայաստանում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը: Այդ մասին ասվում է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել, որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։

«Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ: