12 օգոստոսի 2010 - 16:02 AMT
ՀՀ կառավարությունը 9,6 մլն դրամ է հատկացրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի նորոգման նպատակով

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 12-ի նիստում, որը վարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որոշել է Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9,6 մլն դրամ։ Հաշվի առնելով, որ թատրոնի շենքը առանձնահատուկ նշանակության հուշարձան-շենք է և այն անհրաժեշտ է հավուր պատշաճի պահպանել, նշված գումարով կնորոգվեն տանիքի 600 քառ. մետր քայքայված հատվածները։

Բացի դրանից, կառավարությունը հաստատել է ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի և կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթի արդյունքները։