13 օգոստոսի 2010 - 10:37 AMT
Ադրբեջանը ցինիկաբար մանիպուլյացիայի է ենթարկում հայ ռազմագերիներին

Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:

«Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»:

Կասկած չկա, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների արդյունք:

Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշակի կանոններ:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների և պատանդների բացառապես մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտոնական Բաքվի կողմից»,- ասվում է հայտարարությունում: