22 օգոստոսի 2010 - 16:03 AMT
Բաքվի հայերին փորձում են աքսորել Մոսկվայի՞ց

«Հանուն քաղաքացիական իրավունքների» Կոմիտեի նախագահ Անդրեյ Բաբուշկինը Անկախ մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է, որ Բաքվից փախուստի դիմած հայերին փորձում են աքսորել Մոսկվայից:

Ինչպես հաղորդում է Երկրամաս թերթը, Անդրեյ Բաբուշկինը հիշեցրել է, որ Բաքվի մի քանի հազար բնակիչներ` հիմնականում հայեր և ռուսներ, ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակավայրերը, երբ Ադրբեջանում հայերի ջարդերի ալիք բարձրացավ: Նրանցից շատերը ապաստան գտան Մոսկվայում, որտեղ նրանց ժամանակավոր օթևան տրամադրեցին: Իսկ երբ պարզ դարձավ, որ նրանք չեն կարողանա Ադրբեջան վերադառնալ, նրանք գրանցվեցին այդ օթևաներում: Բայց նրանց, ում ապաստան էին տրամադրել մոսկովյան «Յուժնայա» հյուրանոցում, բախտն ավելի քիչ բերեց: 1995 թվականին այն սեփականացվեց, մայրաքաղաքի իշխանությունները հայտարարեցին, որ մասնավոր հյուրանոցներում բնակվող մարդկանց առջև պարտավորություններ չունեն: 90-ական թվականների վերջին, Անդրեյ Բաբուշկինի խոսքով, ծրագրվում էր միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել, որը կսահմաներ Ռուսաստանում փախստականների իրավական կարգավիճակը, իսկ մոսկովյան միգրացիոն ծառայությունը կազմեց օթևանի կարիք ունեցող փախստականների ցուցակը և կազմեց բնակարան ստանալու հերթը: Սակայն 2000 թվականի սկզբին, իրավապաշտպանի խոսքով, մայրաքաղաքի իշխանությունները լիկվիդացրեցին միջգերատեսչական հանձնաժողովը, որը պետք է սահմաներ փախստականների իրավական կարգավիճակը:

Այժմ «Յուժնայա» հյուրանոցի ղեկավարությունը, Բաբուշկինի խոսքով, փախստականներին տեղահանում է Իվանովի մարզի Ֆուրմանով քաղաք: Ընդ որում, Բաքվի հայերի համար բնակարանը ձեռք է բերվել ոչ թե սեփականատերերից, այլ «լիազորագրով» այն վաճառող մարդկանցից, ուստի չի բացառվում, որ որոշ ժամանակ անց կհայտնվեն իսկական սեփականատերերը, և գործարքը չեղյալ կհամարվի: Ավելին, փախստականները, բնակարանի սեփականատեր դառնալու համար պետք է 100 հազ. Ռուբլու չափով մաքս վճարեն, սակայն թոշակառուներն ու հաշմանդամներն ի վիճակի չեն լինի վճարել այդ գումարը:

Սոցիալական Տեղեկատվության Գործակալության տեղեկատվության համաձայն, Մոսկվայի Գագարինի դատարանը օժանդակել է հյուրանոցի ղեկավարության նման որոշումը: Իրավապաշտպանները գտնում են, որ Բաքվի հայերին փորձում են երկրորդ անգամ աքսորել: Անդրեյ Բաբուշկինը նշել է, որ Մոսկվայում փախստականներն ընկերներ ու բարեկամներ ունեն, որոնք ապահովված են աշխատանքով: «Մենք մոսկովյան իշխանություններին ու դատական մարմիններին կոչ ենք անում գտնել խնդրի լուծումը, որը թույլ կտա այդ մարդկանց գոյատևել»,- հայտնել է իրավապաշտպանը: Նրա տվյալներով, իրավական կարգավիճակից ու օթևանից ներկա պահին զուրկ են 16 փախստականներ, որոնք բնակվում են «Յուժնայա» հյուրանոցում, ինչպես նաև Վվեդենսկու փողոցում գտնվող հանրակացարանում և այլուր բնակվող փախստականներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է ոչ պակաս, քան 350 հոգի: