23 օգոստոսի 2010 - 10:34 AMT
Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի 20 տարին

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի 20 տարին, որն ընդունվել է 1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Պատմական նստաշրջանի երկրորդ որոշումն էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության լուծարումը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայտարարվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անակախ պետական հռչակման մասին հանրահավաք, որի ժամանակ քաղաքացիների 94.99 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Հռչակագրի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

Հռչակագրի 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։