23 օգոստոսի 2010 - 11:53 AMT
Սերժ Սարգսյան. 1990-ի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է

ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20¬րդ տարեդարձի կապակցությամբ:

1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը:

Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել:

Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին և դավանած արժեքներին: Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի և հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղները»,- ասել է ՀՀ նախագահը: