Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների համաուկրաինական հասարակական կազմակերպությունների միության ղեկավար, Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ Աշոտ Ավանեսյանը մասնակցել է Ոկրաինայի անկախության 19-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Ավանեսյանը շնորհավորել է համաքաղաքացիներին` Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ: «Այսօրվա տոնը խորհրդանշում է ուկրաինացի ժողովրդի հաղթանակը` սեփական պետության մեջ ապրելու իրավունքի և սեփական ճակատագրի տերը լինելու համար պայքարում: Ուկրաինան բազմազգ երկիր է, որտեղ ապրում են 134 ազգության ներկայացուցիչներ: Սա մեր ընդհանուր տունն է», - ասել է Աշոտ Ավանեսյանը:
Հանդիսավոր ընդունելությունը տեղի է ունեցել «Ուկրաինական տուն» գործարար և մշակութային ազգային կենտրոնում, որին մասնակցել են` Ուկրաինայի նախագահը, Ուկրաինայի պատգամավորները, դիվանագիտական կորպուսի, պետական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Աշոտ Ավանեսյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների մշակույթին և պատմությանը վերաբերող հարցեր:
Analitika.at.ua գործակալության թղթակիցը հաղորդել է, որ Ա. Ավանեսյանը պատմել է Ուկրաինայում հայոց պատմության և մշակույթի ժողովրդականացման աշխատանքների, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը ճանաչման ուղղությամբ վարվող քայլերի մասին: