24 օգոստոսի 2010 - 19:12 AMT
Վլադիմիր Մսրյանը կհուղարկավորվի Երևանի պանթեոնում

Օգոստոսի 24-ին մահացել է կինոյի և թատրոնի հայ հանրաճանաչ դերասան Վլադիմիր Մսրյանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով`մեծ դերասանի հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, Մսրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին` նրա տանը: Օգոստոսի 27-ին արտիստին հասարակության հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Վլադիմիր Մսրյանը կհուղարկավորվի Երևանի պանթեոնում: Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938 թ. մարտի 12-ին, Վլադիկովկասում: 1958-62 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64 թթ. աշշխատել է պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 1964-66 թթ.` Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնում: 1966 թ.-ից աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում: Վլ. Մսրյանը նկարահանվել է 19 ֆիլմում, սակայն նրան մեծ համբավ ու ճանաչում բերեց «Նիկոլո Պագանինի» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարն էր: