25 օգոստոսի 2010 - 14:23 AMT
«Ճանապարհորդություն առանց սահմանների»-ն Հայաստանում կհավաքի տարբեր երկրների 150 բայքերների

Օգոստոսի 24-ին Սևանա լճում մեկնարկել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծը, որը կազմակերպվել է «National Geographic Traveler» ամսագրի հայկական հրատարակչության կողմից ՀՀ կառավարության աջակցությամբ:

Նախագիծը կազմված է 5 փուլերից և կավարտվի հոկտեմբերի 16-ին Տաթև վանական համալիրում, որտեղ կբացվի աշխարհում ամենաերկար ճոպանուղին:

Ռեգատայի ավարտից հետո, որը տեղի կունենա «Նաիրի» և «Անի» առագաստանավերով Ցափաթաղ- Այրիվանք-Շորժա-«Ճայերի կղզի»-Սևանա թերակղզի երթուղով, մեկնարկելու է երկրորդ միջոցառումը` ձիարշավը: Ձիարշավի մասնակիցները կանցնեն Մետաքսի ճանապարհի տարբեր հատվածներով` այդ փուլն ավարտելով «Քարվանսարայ» պատմական հուշարձանի մոտ` Սելիմի լեռնանցքում:

Այնուհետև սեպտեմբերի 10-20-ը կկայանա Հայաստանում առաջին բայքերային մշակույթի փառատոնը, որը կմիավորի տարբեր երկրների 150 բայքերների: Բայք-փառատոնի հանդիսավոր ավարտը կկայանա սեպտեմբերի 18-20-ին Ջերմուկում կայանալիք միջազգային ռոք-փառատոնով: Բայք-փառատոնի շրջանակներում բայքերները կանցնեն Բագրատաշեն-Ախթալա-Դիլիջան-Սևան-Սելիմի լեռնանցք-Ջերմուկ երթուղով:

«Բացի մարզական միջոցառումներից, Ջերմուկում բաց երկնքի տակ տեղի կունենա «Music without borders» ռոք-փառատոնը, որի նպատակն է նպաստել տարբեր մշակույթների միջև երկխոսությանը»,- ասել է «National Geographic Traveler» ամսագրի հայկական հրատարակչության տնօրեն Աշոտ Նիկողոսյանը:

«Music without borders» փառատոնը կազմված է երկու մասից` «Հայկական կիթառ» և ռոք-փառատոն: «Հայկական կիթառին» կմասնակցեն 15 կիթառահարներ Հայաստանից և 5 աշխարհահռչակ կիթառահարներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Բրազիլիայից և Վրաստանից: Ռոք-փառատոնում ելույթ կունենան 4 հայկական և 4 արտասահմանյան խմբեր:

Նախագծի եզրափակիչ փուլն է Ռուսաստան-Ղազախստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով ավտովազքը:

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում տեղի կունենա միջազգային համաժողով Վաշինգտոնից «National Geographic Traveler» ամսագրի գլխավոր գրասենյակի և ամսագրի բոլոր 14 հրատարակչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովը տեղի կունենա Ջերմուկում և Տաթևում: