Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի տարածաշրջանային համակարգող Ֆիլիպ Փիրսի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից, որի նպատակն է` ամրապնդել Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների և միջազգային այլ շահառուների միջև միջգերատեսչական, երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը, հեշտացնել մարդկանց տեղաշարժը և ապրանքների տեղափոխումը պետական սահմանով` միաժամանակ ապահովելով պետական սահմանի երաշխավորված անվտանգությունը:
Քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը շուտով Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացնի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա կմշակվի և կիրականացվի գործողությունների ծրագիր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: