25 օգոստոսի 2010 - 20:53 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Ողջունելով պրն. Դեսալեյնի այցն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրա աստվածահաճո և մարդասիրական առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցության համար, որի շնորհիվ համատեղ իրականացվել են բնապահպանական մի շարք ծրագրեր:

Մասնավոր անդրադարձ կատարվեց փախստականների խնդիրներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց այն զորակցության համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությունը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին:

Հանդիպմանը Վեհափառ հայրապետը պրն Դեսալեյնին ներկայացրեց հայոց եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ինչպես նաև եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունեությունը սոցիալական ոլորտում: Այս մասին հաղորդում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը: