26 օգոստոսի 2010 - 14:47 AMT
Ամերիաբանկն ապահովել է վարկային պորտֆելի 40 տոկոս աճ

Ամերիաբանկի վարկային պորտֆելը շարունակում է աճել արագ տեմպերով: Եթե 30.06.10թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է շուրջ 70 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 34 տոկոսով, ապա արդեն 31.07.10թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է շուրջ 73 մլրդ դրամ` ապահովելով տարվա սկզբից պորտֆելի 40 տոկոսի աճ: Փաստենք, որ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի կիսամյակային աճը կազմել է ընդամենը 8.7 տոկոս:

Որպես կորպորատիվ բանկ, Ամերիաբանկը շարունակ համալրում է կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող վարկերի տեսականին, միաժամանակ վարելով ճկուն սակագնային քաղաքականություն: Ընթացիկ տարվա 7 ամսվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 71 տոկոսն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք 2010թ. 7 ամսվա ընթացքում աճել են 33 տոկոսով և կազմել ավելի քան 58մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 80 տոկոսը:

Չնայած «Ամերիաբանկ»-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ, ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2010 թվականի 7 ամսվա ընթացքում աճել են 68 տոկոսով:

Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը 30.06.10թ. դրությամբ կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.38 տոկոսը, այն դեպքում, երբ ըստ ՀՀ ԿԲ տվյալների ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս, հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը: