27 օգոստոսի 2010 - 16:09 AMT
Երևանը հրաժեշտ տվեց Վլադիմիր Մսրյանին

Օգոստոսի 27-ին Երևանը հրաժեշտ տվեց կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան Վլադիմիր Մսրյանին: Նրան վերջին հրաժեշտ էին տալիս իր հարազատ Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի հայ գործիչներ: Վլադիմիր Մսրյանը հուղարկավորվեց քաղաքային պանթեոնում:

Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938 թ. մարտի 12-ին, Վլադիկովկասում: 1958-62 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64 թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66 թթ.` Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ 1966 թ.-ից աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում: Վ. Մսրյանը նկարահանվել է 19 ֆիլմերում, սակայն նրան մեծ հռչակ ու ճանաչում է բերել «Նիկոլո Պագանինի» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարն էր:

Հայաստանի ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանը մահացավ օգոստոսի 24-ին` 73 տարեկան հասակում: Դերասանը վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է չարաղետ հիվանդությունից`արյան քաղցկեղից: