Սեպտեմբերի 9-13-ը Տոկիոյում տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնություն: Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net –ի թղթակցին ասել է, որ առաջնությանը կմասնակցեն աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը 60 կգ ք/կ-ում, Հայաստանի գավաթի գավաթակիր Արմեն Նազարյանը 66 կգ ք/կ-ում և Համբարձում Տոնոյանը 66 կգ ք/կ-ում, իսկ աղջիկներից հանդես կգա Գայանե Համբարձումյանը 48 կգ ք/կ-ում:
«Աշխարհի առաջնությանը մենք արդեն մի քանի ամիս է ինչ նախապատրաստվում ենք, առաջին փուլն անց ենք կացրել Ծաղկաձորում, այժմ մարզվում ենք Աբովյանում և առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ կմեկնենք Տոկիո»,-ասել է գլխավոր մարզիչը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը գտնում է, որ հայ ձյուդոիստները աշխարհի առաջնությունում կարող են հաջող հանդես գալ: «Առաջին անգամ աշխարհի առաջնությունում երկու ձյուդոիստներ կարող են մեկ երկիր ներկայացնել նույն քաշային կարգում»,-ասել է Ավետիսյանը:
Աշխարհի առաջնությունում մարզիկները կկարողանան միավորներ հավաքել, որոնք այլ մրցաշարերում հավաքած միավորների հետ միասին հնարավորություն կտան նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: