Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Իգդիր և Վան: Իր այցի ընթացքում Դավութօղլուն հայ-թուրքական սահմանում է եղել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրել է, որ անցյալ տարի ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: «Արևելյան սահմանի բացման աշխատանքները շարունակվում են: Դրանց արդյունքների մասին հայտնի կդառնան նախատեսվող հանդիպումներից հետո: Ես շրջագայում եմ տարածաշրջանում և սահմաններով: Մյուս սահմանների նման արևելյան սահմանը ևս շատ կարևոր է: Աստված տա, որ մենք կարողանանք խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», - ասել է նա:
Թուրքիայի ԱԳ նախարարը Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչե քի հետ միասին շարժվել է Ալիջանի սահմանի մոտով, որը Հայաստանի հետ ամենամոտ սահմանակետն է:
Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նաև տարածաշրջանային հակամարտություններին: Այդ համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության առիթով, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում: Դրա հետ կապված նա ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Այս մասին հաղորդում է Haberler-ը: