4 սեպտեմբերի 2010 - 14:51 AMT
Ժամանակն է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները համարժեք գնահատական ստանան միջազգային հանրության կողմից

Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքներին, մասնավորապես այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձին:

Ըստ փոխնախարարի, այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Բաքվում ղարաբաղյան հիմնախնդիրը զուտ խաղաղ միջոցներով լուծելուն ուղղված հորդորներից եւ կոչերից ժամեր անց Ադրբեջանի ղեկավարությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը եւ սեփական քաղաքացիների կյանքի գնով սադրիչ գործողություններ իրականացնելու մոլուցքը:

«Այն ցինիզմը, որով իրականացվեց հունիսի 18-ի սադրանքը, կրկնապատկվեց այսօր: Ժամանակն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը եւ միջնորդական ջանքերի ձախողմանն ուղղված Ադրբեջանի նմանատիպ հուսահատ եւ սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: