7 սեպտեմբերի 2010 - 20:20 AMT
Լևոն Ջուլֆալակյան. Ամոյանն իր քաշային կարգում կարող է ավելիին հավակնել

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը սեպտեմբերի 6-12-ը ընթանում է Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, առաջին մրցաշարային օրը հայ մարզիկներին հաջողվեց նվաճել մեկ բրոնզե մեդալ: ԱԱ մրցանակակիր դարձավ Ռոման Ամոյանը (55 ք/կ):

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասաց, որ Ռոման Ամոյանը զիջել է շատ ուժեղ մրցակցի, որը դարձել է այս տարվա չեմպիոն: «Դա Ամոյանի և իրանցի Ռեյնհանպուրա Սորիանի երրորդ հանդիպումն էր և կարծում եմ` մեր մարզիկն անցկացրել է իր լավագույն մենամարտն այդ շարքում»,- ասել է Ջուլֆալակյանը:

Հայաստանի հավաքականի մարզիչը կարծում է, որ Ամոյանն իր քաշային կարգում կարող է ավելիին հավակնել: Արման Ադիկյանի և Սարգիս Թոնոյանի ելույթների մասին, որոնք չկարողացան մեդալներ նվաճել, նա ասաց, Ադիկյանն առաջին շրջանում հաջող է ելույթ ունեցել, իսկ երկրորդ մենամարտում հաջողությունը բաց է թողել ձեռքից, իսկ Տոնոյանը երիտասարդ մարզիկ է և առաջին անգամ էր ելույթ ունենում այսպիսի խոշոր մրցաշարում: «Ես գոհ եմ նրա մասնակցությունից, ինձ դուր է եկել նրա տեխնիկան: Կարծում եմ` առաջիկայում նա հաջողությունների կհասնի»:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանելիս PanARMENIAN.Net-ին աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը: