10 սեպտեմբերի 2010 - 18:51 AMT
ՌԴ 70 խոշորագույն ձեռնարկություններ կմասնակցեն «EXPO-RUSSIA ARMENIA 2010»-ին

«EXPO-RUSSIA ARMENIA 2010» երրորդ ամենամյա ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում 2010-ի հոկտեմբերի 28-30-ը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուփ» կոնցեռնը, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսային նախագծերի կենտրոնը (Հայաստան), Ռոսհամագործակցության դաշնային գործակալությունը: Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո:

Ցուցահանդեսի նպատակը տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումն է ՌԴ և ՀՀ միջև: Իրենց ցուցադրությունները կներկայացնեն շուրջ 70 խոշորագույն ձեռնարկություններ Ռուսաստանի 30 շրջաններից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի քաղաքական, հասարակական և գործարար խավի ներկայացուցիչներ: