10 սեպտեմբերի 2010 - 19:55 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ին գոհացրել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից իր բանաձևը հանելու Ադրբեջանի որոշումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բերնարդ Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 6-9 այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և բոլոր կողմերի աջակցությամբ համանախագահները ոտքով հատել են շփման գիծը, այդպիսով ընդգծելով, որ այն մշտական պատնեշ չի հանդիսանում երկու երկրների ժողովրդների միջև և որ հրադադարի ռեժիմը, որ հաստատվել է 1994թ, պետք է անշեղորեն պահպանվի: 2001թ. նոյեմբերից ի վեր սա առաջին անգամն է, երբ միջնորդները հատում են շփման գիծը: Բաքվում Իլհամ Ալիևի և Երևանում Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության հետ հանդիպումներում համանախագահները ներկայացրեցին իրենց հետագա աշխատանքային պլանը: Միջնորդներն ընդգծեցին, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է կառուցողական մոտեցում դրսևորեն և առաջընթաց ապահովեն ԵԱՀԿ գագաթնաժողովի շեմին»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում փաստահավաք առաքելությանն առնչվող հարցերը, որն իրենք իրականացնելու են սեպտեմբերի ավարտին կամ հոկտեմբերի սկզբին: Միջնորդները ներկայցրել են այդ առաքելության մանրամասները, որի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում: «Միջնորդները կրկին կոչ են անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում և դադարեցնել հարձակումները շփման գծում: Կողմերը պետք է հավատարիմ մնան այն պարտավորություններին, որոնք ստանձնել են 1994թ. հրադադարի մասին համաձայնագրով: ԵԱՀԿ ՄԽ-ն գոհ է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգից իր բանաձևը հանելու Ադրբեջանի որոշումից: Միևնույն ժամանակ մենք հաստատում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձևաչափն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Մինչ տարածաշրջան վերադառնալը, միջնորդները կմեկնեն Վաշինգտոն, հետո Նյու Յորք, որտեղ ՄԱԿ-ի ԳՎ շրջանակներում խորհրդակցություններ կանցկացնեն կողմերի հետ: