2009-ը առանձնահատուկ տարի էր Հայաստանի համար, և երկրի կառավարությունը հստակ հակաճգնաժամային քայլեր է ձեռնարկել, որոնք արդարացվել են: Նման միջոցները ձեռնարկվել են ողջ աշխարհում ընդլայնված քաղաքականության շրջանակներում, բայց հիմա երկիրը պետք է արտակարգ ռեժիմից աստիճանաբար վերադառնա նորմալ տնտեսական ռեժիմի: Այդ մասին սեպտեմբերի 11-ին Դիլիջանում ընթացող «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» անվանումով համաժողովում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Տնտեսական ճգնաժամի ավարտից հետո շատ կարևոր է, որպեսզի մենք պարզենք, թե կարող ենք արդյոք արագ և արդյունավետ հաղթահարել նրա հետևանքները և վերականգնել տնտեսությունը: Ընթացիկ տարում դինամիկան այնպիսին է, որ տնտեսությունն արագ վերականգնվում է, և մենք պետք է վերադառնանք այն գաղափարներին, որոնք ձևավորվել են դեռ ճգնաժամի ժամանակ և շարունակենք մեր բաեփոխումները»,- ընդգծել է նա:
Դրա հետ կապված, նա նշել է, որ Հայաստանը պետք է հստակ պատկերացնի իր դերը, ինչպես նաև լավ ուսումնասիրի նման տնտեսություն ունեցող երկրների փորձը, որոնք արդեն անցել են այդ ուղին: «Մեզ համար կարևոր են մոտեցումները, գաղափարները, գնահատականենրը և խորհուրդներն այն մասին, թե ինչպես իրագործենք բարեփոխումներ և անցնեք այն ուղին, որը նրանք արդեն հաղթահարել են»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսությունը կախված է համաշխարհային տնտեսությունից, ուստի դրսից տեղեկատվությունը շատ կարևոր է: Նա կարևոր է համարում համաժողովի ընթացքում սպասվող տարբեր երկրների ներկայացուցիչները ելույթները, քանի որ Հայաստանը կարող է ընտրել իր ուղին:
Դրա հետ կապված` նախարարը նշել է, որ հանդիպումներն ապագայում կշարունակվեն և դրանց ձևաչափը կընդլայնվի: