Հոկտեմբերից Երևանում գործելու է Stage 7 արտիստական ստուդիան, որի հիմնադիրներն են դերասաններ Արտաշես Ալեքսանյանը և Տիգրան Նալչաջյանը: Բացի դերասանական արվեստից, Stage 7-ի ուսանողներն ուսումնասիրելու են հոգեբանություն և արևելյան մարտարվեստ:
«Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք աջակցել հայկական կինոարդյունաբերությանը և թատրոնին»,- ասել է Արտաշես Ալեքսանյանը: Նրա խոսքերով, Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են դերասան դառնալ, բայց ֆինանսական միջոցներ չունեն ուսումնական հաստատությունում սովորելու համար: Ելնելով դրանից` ստուդիայի հիմնադիրները որոշել են նման հնարավորություն տալ երիտասարդներն ավելի մատչելի գներով: Ստուդիայի առավելությունը նաև այն է, որ Stage 7-ի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկան անցկացնել տարբեր թատրոններում և հեռուստաստուդիաներում:
Իր հերթին հոգեբան Կարինե Նալչաջյանն ասաց, որ այսօր Երևանում կրթության պակաս է զգացվում: «Արտիստը տաղանդ ունի, բայց նրա կրթությունն անբավարար է դրա հղկման համար»,- նշել է նա:
Իր հերթին, Ջիտ կուն դո ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Գանդոյանն ասել է, որ դերասանի գործունեությունը բարդ արվեստ է, որի համար դերասանները միշտ պետք է լավ ֆիզիկական վիճակում լինեն: «Իհարկե, մենք պետք է պահպանենք հայկական կինոյի ավանդույթները, բայց նաև պետք է շարժվենք եվրոպական ուղղությամբ»,- ասել է նա: Միաժամանակ նա հայտնել է, որ ուսանողները սովորելու են արևելյան մարտարվեստի տարբեր տեսակներ, օրինակ` ջիտ կուն դո, կրեպլինգ, վինգ չուն, շո: