Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման համար ջանքեր պետք է գործադրի ոչ միայն երկրի կառավարությունը, այլ նաև նրա միջազգային գործընկերներն ու հանրությունը: Այդ մաիսն լրագրողներին է ասել ՀՀԿ մամլո քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Դիլիջանում, որտեղ անցնում է «Հայաստանը ճգնաժամից հետո՝ մարտահրավերներ ու հեռանկարներ» խորագրով համաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և տարբեր երկրներից բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ:
«Որքան շուտ մենք հաղթահարենք կոռուպցիան, այնքան շուտ երկիրը կկարողանա առաջ շարժվել: Հայաստանի համար ակտուալ են Էյնշտեյնի խոսքերն այն մասին, որ «մեզ հարկավոր է նոր մտածելակերպ, լուծելու համար հին մտածելակերպի արդյունք հանդիսացող խնդիրներ»,-ասել է պատգամավորը:
Ըստ նրա, համաժողովի ժամանակ կքննարկվեն օլիգոպոլիաներից և կոռուպցիայից ձերբազատվելու հարցը: «Յուրաքանչյուր երկիր կոռուպցիայի իր առանձնահատկություններն ունի, սակայն կան նաև ընդհանուր խնդիրներ: Բոլոր այդ առանձնահատկությունները հարկավոր է հաշվի առնել, իսկ այն դրական լուծումները, որ մենք կընդունենք քննարկումների արդյունքում, պետք է իրականացվեն»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: