11 սեպտեմբերի 2010 - 15:22 AMT
«Կարոտը» հաջողությամբ է կատարում հայ մշակույթի տարածմանն ու միջազգայնացմանը նպաստելու իր առաքելությունը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Կարոտ» հայկական փառատոնի հիմնադիր, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին:

Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահը նշեց, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո օրերս Հայաստանում եւ ԼՂՀ-ում անցկացված «Կարոտ» փառատոնի մասին դրական արձագանքներ են ստացվել Հայաստանի եւ արտերկրի արվեստասերներից ու մշակույթի գործիչներից: Սա նշանակում է, որ փառատոնը հաջողությամբ է կատարում հայ մշակույթի տարածմանն ու միջազգայնացմանը նպաստելու իր առաքելությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հաջորդ տարի «Կարոտ» հայկական փառատոնը Փարիզում անցկացնելու առաջարկին, որն աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեի հետ Երեւանում հանդիպման ժամանակ հնչեցրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահը` ֆրանսիացի դերասանին գլխավոր դեր վերապահելով այդ փառատոնում: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել փառատոնի նախապատրաստմանն ու անցկացմանը:

Մեցո Իգիթյանը Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի անունից հուշանվեր հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: