11 սեպտեմբերի 2010 - 17:54 AMT
Հայ անիմատորները կվերապատրաստվեն Ֆրանսիայի Gobelins ինստիտուտի կերպարվեստի դպրոցում

«Ես միջազգային շատ փառատոների եմ մասնակցել ու ինձ համար շատ հետաքրքիր է ականատես լինել մի նոր փառատոնի ստեղծմանը` աշխարհի ոչ այնքան հայտնի մի մայրաքաղաքում», - ասել է Gobelins ինստիտուտի կերպարվեստի դպրոցի միջազգային կապերի մենեջեր Էրիկ Ռիվերը: Gobelins ինստիտուտը Ֆրանսիայի հայտնի ինստիտուտներից է, որտեղ սովորեցնում են լուսանկարչություն, մեդիա արվեստ և անիմացիա: Նրա խոսքերի համաձայն, անիմացիան մարդիկ հաճախ նմանեցնում են մուլտիպլիկացիային, սակայն անիմացիոն առաջի ֆիլմը նկարահանվել է 20-րդ դարում և ավելի քան 100 տարվա գոյության ընթացքում հսկայական փոփոխություններ է կրել:

Էրիկ Ռիվերը նշել է, որ Gobelins ինստիտուտում ուսանողների շատ խիստ ընտրություն է կատարվում, քանի որ 25 տեղի համար մրցում են 700-1000 դիմորդ: «Սակայն կարծում եմ, որ Հայաստանի դիմորդների համար կարող ենք ամեն տարի գոնե մեկ տեղ թողնել` կերպարվեստի դպրոցում վերապատրաստվելու համար», - նշել է Gobelins ինստիտուտի միջազգային կապերի մենեջերը: Նա խոստացել է ինստիտուտի, այնտեղի դասավանդման մեթոդների մասին պատմել սեպտեմբերի 12-ին կայանալիք իր դասախոսության ընթացքում: