12 սեպտեմբերի 2010 - 16:23 AMT
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնականին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հարաբերությունների մակարդակը և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնականը ևս բարձր գնահատեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մակարդակը` ակնկալելով, որ համագործակցությունը կշարունակվի: Այդ գործընթացում նա կարևոր համարեց խորհրդարանի դերը: Թինա Քայդանաուի կարծիքով` հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն դրական զարգացումներ ունենալ, և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` վերջերս Երևան կատարած այցը ազդանշան էր, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: ԱՄՆ-ը ակնկալում է շարունակել գործակցությունը տարբեր ոլորտներում, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հարցի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հարցի կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և ողջունեց ԱՄՆ-ի ջանքերն այդ ուղղությամբ: Թինա Քայդանաուն համամիտ էր, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և հարցն այլ ատյաններում բարձրացնելը չի կարող օգտակար լինել կարգավորման գործընթացի համար: Անդրադարձ կատարվեց նաև օրենսդրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներում խորհրդարանների դերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: