14 սեպտեմբերի 2010 - 16:30 AMT
Վալոնիայի մասնագետների աջակցությամբ կհետազոտվեն Հայաստանի ջրային ոլորտի հիմնախնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորոգյանն այսօր ընդունեց Վալոնիայի (Բելգիա) արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության (AWEX) գործադիր տնօրեն Ֆիլիպ Սուինենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության(UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

Բելգիացի գործարարների խումբը Հայաստանում է` մասնակցելու հայ-բելգիական գործարար համաժողովին: Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության կողմից, UNIDO-ի եւ ԶՀԳ-ի աջակցությամբ, իրականացվում է «ԱրմենՎալ» նախագիծը, որի նպատակը Հայաստանի եւ Բելգիայի ընկերությունների միջեւ համատեղ գործարար ծրագրերի իրագործումն է:

ՀՀ փոխվարչապետը, ողջունելով բելգիացի գործարարներին, վստահություն հայտնեց, որ նախագիծը հաջողություն կունենա ու կվերածվի ավելի կոնկրետ ծրագրերի: Նա հաջողության երաշխիք համարեց նաեւ երկու փորձառու կազմակերպությունների` UNIDO եւ ԶՀԳ-ի ներգրավվածությունը: Նշելով, որ կառավարության համար ՓՄՁ-ների զարգացման խնդիրներն առաջնահերթություն են, Ա. Գեւորգյանը կարեւորեց այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը` ուրախալի համարելով, որ նախագծում առկա է նաեւ ռեգիոնալ բաղադրիչ: Փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց ծրագրերի կյանքի կոչմանը:

Ֆ. Սուինենը համոզմունք հայտնեց, որ: «ԱրմենՎալ» նախագծում ընդգրկված բելգիական 23 կազմակերպությունների մեծ մասն արդեն սկսել է համագործակցությանն ուղղված իրենց գործունեությունը: Նրա խոսքով` նախագծի հիմնական իմաստը ոչ միայն պարզապես ներմուծում-արտահանումն է, այլ երկկողմ կապերի խորացումն ու զարգացումը: Ֆ. Սուինենը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված են ֆինանսական միջոցներ` տարբեր երկրներում հետազոտությունների, մասնավորապես ջրային քաղաքականության ուսումնասիրության համար, եւ պատրաստակամություն հայտնեց Վալիոնիայի մասնագետների աջակցությամբ Հայաստանում իրականացնել ջրային ոլորտի հիմնախնդիրների հետազոտություն:

Ա. Գեւորգյանը տեղին համարեց առաջարկը` նշելով, որ Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային պաշարների հետազոտության անհրաժեշտություն կա: Հայկական կողմը ներկայումս փորձում է գործընկերներ գտնել` նման հետազոտության իրականացմանն աջակցելու համար: Դա կարեւոր է նաեւ դաշտավայրում ՓՄՁ-ների զարգացման հեռանկարների տեսանկյունից. մասնավորապես` ձկնաբուծության զարգացումն ուղղակի կապված է ջրային պաշարների հետ: Ս. Սուինեն պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ խնդիրների լուծմանը, հայտնել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: