14 սեպտեմբերի 2010 - 19:03 AMT
«Ժառանգությունը» ՀՀ ԱԺ պատգամավորներին կոչ է անում քվեարկել ԼՂՀ անկախության ճանաչման օգտին

Արդեն երկու տասնամյակ է, ինչ ԼՂՀ-ն իր անկախության «պատանդն» է: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, Արցախի Հանրապետությունն ունի պետության բոլոր անհրաժեշտ ատրիբուտները, բայց մինչ օրս Հայաստանը չի ճանաչել նրա անկախությունը: «Ավելին, հայկական ղեկավարության ջանքերի շնորհիվ ԼՂՀ-ն դուրս է մղվել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացից»,- ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վաղաժամության վերաբերյալ իշխանությունների փաստարկներին` տալով հռետորական հարցն այն մասին, թե արդյոք երբ է վրա հասնելու ԼՂՀ անկախության ճանաչման պահը:

«Ես իմ բոլոր գործընկերներին կոչ եմ անում «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկման ժամանակ միաձայն քվեարկել Արցախի անկախության ճանաչման օգտին»,- նկատել է նա: