15 սեպտեմբերի 2010 - 13:28 AMT
«International System of Units»-ի ներկայացուցիչը գոհ է հայ փրկարարների աշխատանքից

«Աշխատանքը հայ փրկարարների, ինչպես նաև միջազգային խմբերի հետ, լավ փորձ է մեզ համար»,-այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գերմանական «International System of Units» ՈԿԿ-ի ներկայացուցիչ Ալեքս Քնայզնալը:

Ըստ նրա, խումբը բավականին արդյունավետ է համագործակցում: Անդրադառնալով դժվարություններին՝ Քնայզնալն ասել է, որ միակ բարդությունը լեզվական արգելքն է: Սակայն, նա նշել է, որ վարժանքներն անցնում են բավական բարձր մակարդակով, իսկ հայ փրկարարները գերազանց են կատարում իրենց աշխատանքը:

Հայաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժությունները, որոնք ուղղված են տարերային աղետի հետևանքների վերացմանը: Զորավարժություննեին մասնակցում է 333 փորձագետ ու դիտորդ 28 երկրից և 5 միջազգային կազմակերպությունից, ինչպես նաև 373 Հայաստանի ներկայացուցիչ:

Ըստ զորավարժությունների սցենարի, սեպտեմբերի 11-ին 09:05-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է 12 հազար, վիրավորվել՝ 17 հազար մարդ: Շարքից դուրս են եկել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, խափանվել է կապը, գազա- և էներգամատակարարումը, տրանսպորտը, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Բացի այդ, վթար է տեղի ունեցել նաև Աբովյանի քիմգործարանում, որի հետևանքով մթնոլորտ է արտանետվել 4 տոննա քլոր:

Ըստ սցենարի Հայաստանը օգնություն է խնդրում աշխարհի երկրներից՝ համապատասխան մասնագետներ և տեխնիկա ուղարկելով: