Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հարակից տարածքները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության իրավասության և վերահսկողության ներքո: Այս մասին մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Դատարանում ունեցած ելույթում Գևորգ Կոստանյանը, վկայակոչելով ԼՂՀ-ի` օրենքի պահանջներին համաձայն ու ժողովրդի կամարտահայտության հիման վրա անկախության հռչակման փաստը, դատարանին հայտնեց, որ ԼՂՀ-ում և նրա հարակից տարածքներում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները, իսկ Հայաստանն այնտեղ որևէ իշխանություն չի իրականացնում:
Հիմնվելով այս իրողության վրա` ՀՀ կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ ադրբեջանցի դիմումատուների գանգատը չի տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների տիրույթում և ՄԻԵԴ կողմից դիտարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները: