15 սեպտեմբերի 2010 - 18:38 AMT
ՌԴ ռեգիոնների ղեկավարները կժամանեն Հայաստան համագործակցության հնարավորությունն ընդլայնելու նպատակով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՊՀ գործերով «Ռուսաստանյան համագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը:

ՀՀ փոխվարչապետի` առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի համատեքստում քննարկվեցին Հայաստանի մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ գալիք տարվա առաջին եռամսյակում ՌԴ ռեգիոնների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում համաժողովի անցկացման հնարավորությանը: Համաժողովը նվիրված է լինելու երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ու ընդլայնման հարցերին, ՀՀ մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ առեւտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման ու զարգացման հեռանկարներին: