15 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT
Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի զսպի գնաճային ռիսկերը

Այս տարի Հայաստանում հիմնական մակրոտնտեսական ռիսկերը կապված են գնաճի հետ, կառավարությունը գիտակցում է դա և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա զսպման համար, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքով, գոյություն ունեն երեք պատճառներ, որոնք գնաճ են առաջացնում գյուղմթերքի ոլորտում` ներքին, արտաքին և բնակլիմայական: Նա նշել է, որ ընթացիկ, ինչպես նաև հաջորդ տարում երկրի կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի զսպի գնաճային ռիսկերը:

Ինչպես նշել է նախարարը, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու համար: Ավելին, կառավարության համապատասխան հանձնաժողովը նույնպես աշխատում է մրցակցային դաշտի ապահովման շուրջ, որի ուղղությամբ արդեն օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, ավելացրել է Տիգրան Դավթյանը: