Հայաստանի կառավարությունը որևէ ընկերության լիցենզիա չի տվել Սյունիքի մարզի ուրանի հանքավայրերի շահագործման համար, երկրի գործադիրը միայն լիցենզավորել է այդ տարածքում հետազոտությունների իրականացումը` ուղղված ուրանի հանքավայրերի հայտնաբերմանը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով, դեռևս շատ վաղ է խոսել այդ հանքավայրերի շահագործման մասին, քանի որ միայն 3-5 տարի հետո պարզ կլինի` արդյոք Հայաստանում կա ուրան, թե ոչ: «Եթե ուրանի պաշարների գոյության փաստը հաստատվի, որոնց շահագործումը բնապահպանական սպառնալիք չի ներկայացնի, ապա ինչո՞ւ չարդյունահանենք այն»,- ընդգծել է երկրի գլխավոր էներգետիկը: Նա ավելացրել է նաև, որ խնդիր չի տեսնում Սյունիքի մարզում ուրանի արդյունահանման և զբոսաշրջության զարգացման համատեղման հարցում: