16 սեպտեմբերի 2010 - 14:37 AMT
Մեհմեդ Ալի Բիրանդ. Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է և բիծ է նրա հեղինակության վրա

Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է և բիծ է նրա հեղինակության վրա: Այդ մասին գրում է հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը Posta թերթում: «Թուրքիան կրկին պետք է բացի Դինքի գործը» հոդվածում Բիրանդը գրում է, որ ոստիկանությունը նախապես գիտեր սպանության մասին, սակայն ոչինչ չարեց՝ կանխելու համար հանցագործությունը: «Դինքը սպանվեց միայն այն պատճառով, որ հայ էր և տհաճ բաներ էր ասում, որոնք շատերին դուր չէին գալիս»,-գրում է նա:

Բիրանդը հիշեցրեց նաև, որ պետական մարմինները վաղուց էին հետապնդում և հալածում Դինքին: «Դինքին մեղադրանք էր ներկայացվել չարաբաստիկ 301-րդ հոդվածով և դատավարություն էր սկսվել: Սակայն դատարանն արդարացրեց Դինքին: Եվ պատկերացնում եք, ո՞ր ատյանին դա դուր չեկավ: Վերստուգիչ դատարանին, որն էլ փոխեց դատավճիռը՝ հայտարարելով, թե Դինքն, իբր, վիրավորել է թուրքական արժանապատվությունը»,-գրում է Բիրանդը, հաղորդում է Ermenihaber-ը: