16 սեպտեմբերի 2010 - 16:57 AMT
ԱՀՀ. Հրանտ Դինքի գործով Եվրոպական դատարանի որոշումը պետք է հանգեցնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ECHR) որոշումն առ այն, որ թուրքական պետությունը մեղավոր է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: Դատարանը վճռել է նաև, որ թուրքական կառավարությունը պետք է 133 595 եվրո վճարի Դինքի ընտանիքին որպես փոխհատուցում, և լրացուցիչ 28 595 եվրո դատական ծախսերի համար: ECHRվճռի մեջ ասվում է, որ Թուրքիայի իրավական համակարգը պատասխանատվության չի ենթարկել Դինքի իսկական մարդասպանին:

Դինքի ընտանիքը դիմել էր եվրոպական դատարան՝ մեղադրելով Թուրքիայի կառավարությանը Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտման մեջ: Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Սպանության համար մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը չափահաս ճանաչվեց սպանության կատարման պահին: Նիստերից մեկում պարզվեց, որ պատվերի անմիջական կատարողն այլ մարդ էր: Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց նոլբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

«ECHR դատարանի որոշումից հետո Թուրքիան պետք է չեղյալ հայտարարի ՔՕ 301 հոդվածը, կատարի իր պարտավորությունները ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակներում: Թուրքիայի հայ փոքրամասնության համար, հարևան ՀՀ-ի և ողջ աշխարհի հայության համար դա կհանգեցնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հետևանքների փոխհատուցմանը: Լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Հայաստանի շրջափակման վերացումը կլինեն այն երկու կոնկրետ քայլերը, որ կարվեն ճիշտ ուղղությամբ»,-նշել է, ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը: