16 սեպտեմբերի 2010 - 19:22 AMT
Օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն Հայաստանում թվային տեղեկատվության կիրառման հնարավորությունները

«Հեղինակային և կից իրավունքների մասին օրենքի» փոփոխությունները, որոնք ուղղված են էլեկտրոնային միջավայրում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, նախատեսվում են 2011 թ.: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ մտավոր սեփականության գործակալության հեղինակային և կից իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սոնյա Վարդանյանը:

Նրա խոսքերի համաձայն, ճշտման կարիք ունեն օրենքի 22-26 հոդվածները, որոնք որոշում են այն դեպքերը, երբ կարելի է ազատորեն օգտագործել ստեղծագործությունն` առանց հեղինակի թույտվության:

Հայաստանը պայմանագրեր է ստորագրել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ, որոնք կարգավորում են էլեկտրոնային միջավայրում հեղինակային իրավունքները և ենթադրում են պաշտպանական միջոցների կիրառում` անլեգալ ձևով ստեղծագործությունն օգտագործելու հնարավորությունները կանխելու համար: