17 սեպտեմբերի 2010 - 16:16 AMT
Ալեքսանդր Բոժկո.Կիեւի պետական համալսարանում կստեղծվի հայագիտության ամբիոն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ աշխատանքի եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` նշելով, որ փոխադարձ այցերը էլ ավելի կամրապնդեն առկա բարեկամական հարաբերությունները եւ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխշահավետ բազմակողմանի համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրանք ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում. կողմերի միջև ստորագրվել են ավելի քան 60 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:

Դեսպան Բոժկոն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության 5 տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, պարոն Բոժկոն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերություններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին Հայաստան, որը կնպաստի երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: