19 սեպտեմբերի 2010 - 16:30 AMT
Սբ Խաչ եկեղեցում պատարագն ուղեկցվել է բողոքի ոչ մեծ ցույցով

Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում ավարտվեց պատարագի արարողությունը: Թուրքական ԶԼՄ-երը հայտնում են, որ միջոցառման ողջ ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել: Սակայն նշում են, որ մի խումբ հայեր ` ի ցույց բողոքի, որ մինչև պատարագ տալը եկեղեցու գմբեթին խաչը չէր տեղադրվել, փայտե խաչեր էին բարձրացրել: Չլուսավորված և գմբեթին խաչ չունեցող եկեղեցում Աստծուն մատուցվող արարողությունները մեղք են համարվում, ըստ քրիստոնեական արարողակարգի: Նշենք, որ պատարագին մասնակցելու ցանկություն էր հայտնել միայն Ստամբուլի հայ համայնքը, իսկ պատարագի արարողությունը կատարել է ՀԱԵ Կոստանդնուպոլսի փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշչյանը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը,որ առողջական վատ վիճակի պատճառով չի կարողանում իր պարտականությունները կատարել, հրաժարվել է Վան գնալուց:

Պատարագի արարողությանը մասնակցելուց հրաժարվել էին նաև Հայ Առաքելական Մայր աթոռ Սբ Էջմիածնի, Մեծի տան Կիլիկիայի եկեղեցիները, Երուսաղեմի պատրիարքարանը, սփյուռքի բազում կազմակերպություններ: