20 սեպտեմբերի 2010 - 16:14 AMT
Երևանում կկայանա Առևտրային արբիտրաժային ծառայությունների զարգացմանը նվիրված աշխատաժողով

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արբիտրաժային ծառայությունների ուժեղացում` տեխնիկական աջակցում» ծրագրի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հովանու ներքո« ծրագիրն իրականացնող Grigoryan & Partners իրավաբանական գրասենյակը և Միջազգային ու Համեմատական Իրավունքի Բրիտանական Ինստիտուտը կազմակերպում են «Առևտրային Արբիտրաժային Ծառայությունների Զարգացումը Հայաստանում» հատուկ աշխատաժողով: Ինչպես հաղորդում է Grigoryan & Partners-ի մամլո ծառայությունը, աշխատաժողովի հիմնական նպատակն է վերլուծել արտասահմանյան լավագույն փորձը և առաջարկել առևտրային արբիտրաժի զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում:

Միջոցառմանը մասնակցում են շուրջ 60 փորձագետներ, որոնց թվում` հայտնի իրավաբաններ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:

Աշխատաժողովին ելույթ են ունենալու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, տարբեր պետական կառույցների, մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք: Աշխատաժողովին հիմնական զեկույցներ են ներկայացնելու առևտրային արբիտրաժի ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Բեյքեր ընդ ՄաքՔենզի միջազգային իրավաբանական գրասենյակի արբիտրաժային խմբի համանախագահ պրն Գրանտ Հանեսյանը և Փարիզ II Պանթեոն-Ասաս համալսարանի պրոֆեսոր Կատրին Քեսեջյանը:

Աշխատաժողվի նպատակն է նաև նպաստել առևտրային արբիտրաժի բարեփոխումներին Հայաստանում` օրենսդրական փոփոխությունների և արբիտրաժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու միջոցով: